03/07/2019
Ի՞նչ է ասեղնաբուժությունը
Ասեղնաբուժությունը մետաղական ասեղների միջոցով անատոմիական որոշ կետերի խթանումն է: Հաճախ այս մեթոդն օգտագործվում է այլ ոչ բժշկական մեթոդների՝ մատնային կամ այլ մերսումների, տաքացնող կամ էլեկտրական խթանման միջոցների հետ: Որոշ մասնագետներ ասեղների փոխարեն նույն անատոմիական կետերը խթանում են լազերի միջոցով:
Թեև որոշ հիվանդությունների բուժման մեջ ասեղնաբուժությունն ապացուցել է իր օգտակարությունը, սակայն մինչ օրս լիարժեք չեն բացահայտվել մեթոդի բժշկագիտական հիմքերը:
Արդյոք ասեղնաբուժությունն արդյունավե՞տ է
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հավանական է, որ ասեղնաբուժությունը կարող է օգտակար լինել հետևյալ դեպքերում
միգրենի կանխարգելում
ծնկան օստեոարթրիտի բուժում:
Ասեղնաբուժությունը օգտագործվում է նաև գոտկային ցավերը բուժելիս, սակայն դեռ անորոշ է բուժման արդյունավետությունը: Օրինակ, բրիտանական ուղեցույցներով խորհուրդ չի տրվում գոտկային ցավերի դեպքում ասեղնաբուժությունը կիրառել՝ իշիասի (ոտքերի ցավերի) առկայությունից անկախ:
Չկան նաև այլ հիվանդությունների բուժման մեջ ասեղնաբուժության օգտակարության մասին վերջնական տվյալներ: Օրինակ, որոշակի տվյալներ կան այն մասին, որ ասեղնաբուժությամբ կարելի է մեղմացնել գլխացավերը կամ ատամների ցավերը, սակայն դրանք հետագա ավելի մանրակրկիտ հետազոտության կարիք ունեն:
Արդյոք ասեղնաբուժությունն անվտա՞գ է
Ճիշտ տեխնիկան և հիգիենայի պատշաճ պայմաններն ապահովելու դեպքում ասեղնաբուժությունը մարդկանց մեծ մասի համար ընդհանուր առմամբ անվտանգ է: Սակայն պետք է հաշվի առնել, որ այս միջոցառումը նախատեսում է ասեղով մաշկի ծակում և մարմնի մեջ որոշակի տեղաշարժում, որն ինքնին պարունակում է որոշ ռիսկեր:
Ասեղնաբուժության հավանական կողմնակի ազդեցություններից են՝
ասեղի ծակած տեղից արյունահոսություն կամ տվյալ շրջանում արյունազեղում
կոնտակտային դերմատիտ
նյարդի վնասում
արյան միջոցով տարածվող որոշ հիվանդություններով վարակում, օրինակ՝ հեպատիտ C կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ
օրգանների ծակում:
Ասեղնաբույժները պետք է օգտագործեն ստերիլ միանվագ ասեղներ, որ կանխարգելվի արյան միջոցով փոխանցվող հիվանդությունների և ծակած շրջանի վարակման ռիսկերը:
Ինչպե՞ս է իրականացվում ասեղնաբուժությունը
Սովորաբար ասեղնաբուժության սեանսը սկսվում է մասնագետի հետ զրույցից, որի ընթացքում նա ձեզ ներկայացնում է միջոցառման մասին որոշ մանրամասներ:
Ըստ ձեր ախտորոշման և ասեղնաբուժության նպատակի, մասնագետն ընտրում է ձեր մարմնի այն շրջանը, որտեղ պետք է տեղադրվեն ասեղները կամ գործարկվի լազերը:
Ասեղնաբուժության մեջ կիրառվող ասեղները շատ բարակ են, շատ ավելի բարակ, քան ներարկման համար օգտագործվող բժշկական ասեղները: Դրանցով ձեր մաշկը ծակելը որևէ լուրջ ցավ կամ այլ գանգատ չի առաջացնում:
Ասեղը խրելով ձեր մաշկի մեջ և որոշ չափով խորացնելով մարմնի մեջ, մասնագետն այն թողնում է որոշ ժամանակ՝ 10-20 րոպե, որից հետո ասեղը զգուշությամբ հեռացվում է: Մեկ սեանսի ժամանակ կարող է օգտագործվել մինչև 20 ասեղ: