26/04/2025
🔊«Միքայելյան» համալսարանական հիվանդանոց է դիմել պացիենտ՝ գանգատվելով արտահայտված քթային դժվարաշնչությունից, օդի պակասի զգացումից, քթից մշտապես լորձային պարունակության հոսքից, խռմփոցից, քնած ժամանակ շնչարգելությունից։ Նրա մոտ ախտորոշվել է «քթի միջնապատի դեֆորմացիա, քրոնիկ հիպերտրոֆիկ ռինիտ, պոլիպոզ ռինոսինուսիտ, կախված փափուկ քիմք, հիպերտրոֆիկ լեզվակ, լեզվակի պապիլոմա»։ Անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններից հետո պացիենտը նախապատրաստվել է վիրահատության։
👩⚕️ ԼՕՌ բժիշկ, վիրաբույժ Քրիստինե Հարությունյանի կողմից, ասիստենտ՝ Սոնա Խոսրովյան, անեսթեզիոլոգ՝ Աշոտ Կարապետյան, կատարվել է սեպտոպլաստիկա, ստորին խեցիների լատերոպոզիցիա, կոագուլյացիա, էնդոսկոպիկ պոլիպոտոմիա, փափուկ քիմքի պլաստիկա, լեզվակի պապիլոմայի հեռացում։ Վիրահատության ընթացքում բերանլայնիչը տեղադրելուց հետո հայտնաբերվել են լեզվարմատի ստորին եզրի, կոկորդ-ըմպանի ավելի ստորադիր հատվածների բազմաթիվ պապիլոմաներ, որոնք հեռացվել են առողջ հյուսվածքների սահմաններում։
✅Քրիստինե Հարությունյանը նշում է, որ պապիլոմաները վիրուսային ծագման մաշկի բարորակ գոյացություններ են, որոնք տարածվում են ինքնավարակումով։ «Պապիլոմաների վաղաժամ ախտորոշումը և հեռացումը կանխում է դրանց տարածումը և չարորակացման ռիսկը։ Ժամանակակից ներդիտակների օգտագործումը հնարավորություն է տալիս մինիմալ ինվազիվությամբ կատարել բազմաթիվ համակցված (տվյալ դեպքում՝ 5) վիրահատություններ՝ նվազեցնելով հետվիրահատական բարդությունների ռիսկը»,-ասում է բժիշկը։