07/03/2026
💐Վերլուծական մարտի 8․ կին բուժաշխատողների ինքնախնամքը
Գարնանային տոների մեկնարկին ընդառաջ «Հերացի» վերլուծական կենտրոնում տեղի ունեցավ «Կին բուժաշխատողի ինքնախնամք» թեմայով կրեդիտավորված կոնֆերանսը, որին մասնակցում էր շուրջ 140 բուժաշխատող կին։
Միջոցառման անցկացումը հատկանշական էր, քանի որ ներկայացվեց 2 զեկույց, որոնք վերաբերում էին բժշկական աշխատանքի ընթացքում սպիտակ բանակի կանանց ֆիզիկական, հոգեկան առողջության պահպանմանը, դրանց խնամքին և վտանգներից խուսափելու մեթոդներին։
📈Կոնֆերանսը մեկնարկեց «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մերի Տեր-Մանուկյանը, ով ելույթը սկսեց պատմական ակնարկից՝ ներկայացնելով առաջին կին բժիշկներին։
«Հին եգիպտական պապիրուս-արձանագրություններում հիշատակվում էին բազմաթիվ կին բժիշկներ, որոնք զբաղվում էին մարդկանց ապաքինման, առողջության վերականգնման աշխատանքներով։ Հին ձեռագրերում հատկապես առանձնացված է Պեսեշիթ կնոջ անունը։ Բժշկուհին գործել է մեր թվարկությունից 2500 տարի առաջ»,-ներկայացրեց վերլուծական կենտրոնի ղեկավարը։
Նրա խոսքով՝ սա վկայում է, որ դեռևս հին ժամանակներից բժշկությունը պետք է եղել մարդկանց։
«Իսկ պաշտոնական տվյալներով առաջին կրթություն ստացած բժշկուհին անգլիացի Էլիզաբեթ Բլաքվելլն է»,-փաստեց Մերի Տեր-Ստեփանյանը։
🤰🏻Նա անդրադարձավ նաև կանանց ներգրավվածությանը՝ առողջապահական ոլորտում։ Ոլորտը համարվում է կանանցով հագեցած։ Կան ուղղություններ, որտեղ ճնշող մեծամասնությունը իգական սեռի ներկայացուցիչներն են՝ մանկաբարձություն, մանկաբուժություն, ընտանեկան բժշկություն, լաբորատոր ախտորոշում, դեղագործություն, բուժքույրական գործ և այլն։ «Մեր երկրում բուժքույրերի 80-90%-ը կանայք են, այն ինչ Եվրոպայում այս ոլորտը հավասարաչափ բաշխված է երկու սեռերի միջև։ Բժիշկների շրջանում Հայաստանում 70-75%-ը կին է»,-նշեց Մերի Տեր-Ստեփանյանը խոսելով
նաև հետծննդաբերական վերականգնման առանձնահատկություններին, արձակուրդներին։
🌎Երկրներն ունեն միասնական մոտեցում, թե ինչքան պետք է կինը հանգստանա ծննդաբերությունից առաջ և հետո։
Համալսարանական վերլուծական կենտրոնի ղեկավարի գնահատմամբ սա խիստ անհատական է։
👩⚕️Օրինակ՝ բուժքրոջ համար հետծննդյան հանգիստը չի կարող նույնը լինել ինչպես ՏՏ ոլորտի մասնագետինը, ով, մեծամասամբ, աշխատում է նստակյաց վիճակում։
Բժշկական ոլորտի աշխատակիցների ծանրաբեռնվածությունը հսկայական է՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական։ «Գիտությունը սահմանում է, որ ոչ բուժքույրական աշխատանք ունեցող կանանք հետծննդյան վերականգնման համար հարկավոր է 12-20 շաբաթանոց հանգիստ՝ վերականգնվելու և սեփական խնամքն իրականացնելու նպատակով։ Բուժքույրերը ծանրաբեռնված են, ուտսի նրանց հետծննդյան վերականգնումը կարող է տևել 6-ից մինչև 12 ամիս»,-մանրամասնեց պրոֆեսորը՝ հավելելով, որ բժիշկների համար նախատեսված է 12-20 շաբաթ՝ կախված նեղ մասնագիտացումից։
🥼Առանձնանում են
անեսթեզիոլոգները, վիրաբույժները, ուռուցքաբանները և այլ բժիշկներ։ Նրանք ավելի երկար են վերականգնվում ծննդաբերությունից հետո։
«Հերացի» վերլուծականի ղեկավարը մասնակիցներին ներկայացրեց նաև տարբեր երկրներում հետծննդյան վճարովի արձակուրդների տևողություններին։ Մեր երկրում դա կազմակերպվում է հետևյալ ձև՝ 70 օր մինչև ծննդաբերությունը, 70 օր՝ հետո։ Բարդությունների առկայության դեպքում թիվը դառնում է 85 օր, իսկ բազմապտուղ հղիության ժամանակ՝ 110 օր։
«Կին բուժաշխատողների ինքնախնամք» կոնֆերանսի հաջորդ բանախոսը ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս Նաիրա Ազատյանն էր։ Դասախոսն անդրադարձավ բժշկական աշխատանքում հոգեբանական բարդությունների առաջացման ռիսկերին։ 🧬
«Ի՞նչ է նշանակում ինքնախնամք և ինչի՞ համար է մեզ անհրաժեշտ։ Առաջին հերթին անհրաժեշտ է, որ մենք կարողանանք մեր բարդ աշխատանքի հետ միաժամանակ պահպանենք նաև մեր հոգեկան առողջությունը։ Գիտենք, որ հոգեկան առողջությունը այսօր մեր անբաժանելի մասն է, և հնարավոր չէ լինել ֆիզիկապես առողջ, եթե մենթալ առողջությունը տուժված է։Եվ նաև այս վերջերս շատ ենք խոսում այն թեմաներից, որտեղ տարբեր փորձություններ կան։ Օրինակ՝ մենք ականատես եղանք 2020 թվականից սկսված կորոնավիրոսային համավարակին, պատերազմին և բազմաթիվ այլ խնդիրների։ Կարծում եմ, կարող ենք ասել, որ այս ամենից հետո դարձել ենք որոշ չափով խոցելի»- նշեց հոգեբանը։
👩💻Նաիրա Ազատյանն առանձնացրեց բժշկական ոլորտում գործունեություն իրականացնող կանանց հոգեհուզական մակարդակի մշտապես բարձր լինելու հանգամանքը։ Աշխատանքային խիտ գրաֆիկը, գիշերային լարված հերթափոխները, պացիենտների առողջական վիճակի անդադար մոնիթորինգերը կարող են ծանր հետևանքներ թողնել կանանց առողջության վրա, եթե զուգահեռ չիրականացվի ինքնախնամք։
«Ինքնախնամքն ուղղակի քմահաճույք չէ կնոջ համար, հատկապես՝ բուժաշխատող կնոջ։ Դա, իրականում, պարտադիր գործիք է։ Այն կինը, որ հոգեպես առողջ է և աշխատում է բժշկական ոլորտում, իր համար, դա առաջնային պայմաններից է»։
Հոգեբանը ներկայացրեց նաև հասարակության մեջ կնոջ դերեր՝ մայր, քույր, երեխա, ամուսին, աշխատակից, ղեկավար և այլն։ Բոլոր դեպքերում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պետք է հոգ տանեն սեփական առողջության մասին, լինեն ներդաշնակ և խոհեմ։
🖼️Միջոցառմանը ցուցադրված էր գեղանկարների ցուցահանդես, որի հեղինակը կին բուժաշխատող է, ով երկար տարիներ համարձակություն չի գտել ներկայացնելու արվեստի իր ընտրած ճյուղը։