03/13/2026
«Վարքը՝ որպես գոյատևման փորձ»
Գոյատևման մեխանիզմները
Սովորաբար մարդուն գնահատում և նկարագրում ենք նրա վարքով։ Ասում ենք՝ «նա պերֆեկցիոնիստ է», «նա խուսափողական է», «նա չափազանց վերահսկող է», «նա միշտ փորձում է բոլորին գոհացնել»։ Այսպիսի ձևակերպումներով մենք հաճախ այդ վարքային դրսևորումներն ընդունում ենք որպես մարդու բնավորության կամ անձնային հատկանիշների դրսևորում։
Սակայն տրավմայի ժամանակակից մոտեցումները ցույց են տալիս, որ այն, ինչ մենք տեսնում ենք որպես վարք կամ բնավորության գիծ, հաճախ կարող է լինել սիմպտոմ՝ նյարդային համակարգի պաշտպանական արձագանք, որը ձևավորվել է դժվար կամ վտանգավոր փորձառություններին հարմարվելու ընթացքում։
Այլ կերպ ասած՝ այն, ինչ արտաքինից թվում է որպես մարդու «բնավորություն», երբեմն կարող է լինել նրա երբեմնի գոյատևման ռազմավարությունը, որը ժամանակի ընթացքում դարձել է վարքի սովորական ձև։
Գոյատևման մեխանիզմը մարդու հոգեբանական և նյարդային համակարգի այն պաշտպանական արձագանքն է, որն ակտիվանում է վտանգի, սթրեսի կամ դժվար իրավիճակների ժամանակ՝ օգնելով մարդուն հարմարվել և պաշտպանվել։
Երբ մարդը հայտնվում է սպառնալիքի կամ ուժեղ լարվածության մեջ, օրգանիզմը սկսում է գործարկել որոշակի արձագանքներ, որոնք նպաստում են իրավիճակը հաղթահարելուն։ Այդ արձագանքները կարող են արտահայտվել տարբեր ձևերով, օրինակ՝ պայքարելու փորձով, իրավիճակից հեռանալու ձգտումով, անշարժանալով կամ ուրիշներին հարմարվելով։
Այս մեխանիզմները սկզբում ունեն պաշտպանական և օգտակար դեր, որովհետև օգնում են մարդուն դիմանալ դժվար իրավիճակներին։ Սակայն եթե վտանգի փորձը երկարատև է կամ հաճախ կրկնվում է, նույն պաշտպանական արձագանքները կարող են դառնալ վարքի սովորական ձև և շարունակել գործել նույնիսկ այն ժամանակ, երբ իրական վտանգ այլևս չկա։
Օրինակ՝
- մարդը, ով մանկության ընթացքում հաճախ քննադատության է ենթարկվել, կարող է հասուն տարիքում դառնալ պերֆեկցիոնիստ՝ փորձելով խուսափել սխալներից,
- մեկը կարող է սովորել խուսափել կոնֆլիկտներից և միշտ համաձայնել ուրիշների հետ, որպեսզի պահպանվի հարաբերությունը,
- մյուսը դժվար իրավիճակներում կարող է «անջատվել» կամ լռել, որովհետև երբեմն դա եղել է ամենաանվտանգ արձագանքը,
- մեկ ուրիշը կարող է փորձել ամեն ինչ վերահսկել, որովհետև նախկինում այդպես իրեն ավելի պաշտպանված է զգացել:
Այսպիսով՝ այն, ինչ երբեմն ընկալվում է որպես մարդու բնավորություն կամ վարքային առանձնահատկություն, կարող է լինել նրա երբեմնի գոյատևման փորձի արտահայտությունը։
Այս տեսանկյունը թույլ է տալիս մարդու վարքը դիտարկել ոչ միայն գնահատող դիրքից, այլև այդ վարքը և դրա պատճառները հասկանալու տեսանկյունից։ Մասնավորապես՝ թերապևտիկ պրոցեսում կարևոր է հասկանալ, թե որ փորձառությունների ֆոնին է ձևավորվել այդ պաշտպանական ձևը, և, որ ավելի կարևոր է, ինչ մոտեցում կիրառել արդեն ոչ թե վարքի, այլ ժամանակին որպես պաշտպանական միջոց գործածած գոյատևման մեխանիզմի հետ։ Գոյատևման մեխանիզմները իրենց պաշտպանական դերը արագ սպառելուց հետո հաճախ դառնում են հոգեբանական խնդիր և խանգարում են ներդաշնակ ապրելուն։
Այստեղ մի ուրիշ տարողունակ հարց է առաջանում. արդյո՞ք վարքը որպես սիմպտոմ դիտարկելը չի հանում մարդու պատասխանատվությունը։ Իրականում, պատճառը հասկանալը չի վերացնում պատասխանատվությունը, այլ հնարավորություն է տալիս ավելի գիտակցված և պատասխանատվությամբ արձագանքել նմանատիպ իրավիճակին։