06/12/2025
Խորը ցավով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է անվանի բժիշկ, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր, «Հերացի» հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ՝ Արտավազդ Բագրատի Սահակյանը։
Այս կորուստը չափազանց մեծ է ողջ բժշկական համայնքի համար։
Պրոֆեսոր Սահակյանը բժշկության մի ամբողջ դարաշրջան էր՝ իր խորաթափանց գիտելիքով, անսահման նվիրվածությամբ և բացառիկ մասնագիտական վարպետությամբ։
Նա ստեղծեց դպրոց, ձևավորեց սերունդներ, փոխեց մարդկանց ճակատագրեր և հաստատեց այն չափանիշները, որոնցով ներկայումս չափվում է պլաստիկ և վերականգնողական վիրաբուժությունը Հայաստանում։
Արտավազդ Սահակյանի շնորհիվ մեր երկրում կատարվել են բազմաթիվ բարդ, անգամ անհնար թվացող վիրահատություններ։
Նա բժշկի այն տեսակն էր, ով մասնագիտությունը դարձնում էր առաքելություն, իսկ առաքելությունը՝ կենսաձև:
Ցավը խորն է, անդառնալի։ Մենք կորցրեցինք բժշկի կոչման իսկական կրողին, մեծ հայի և օրինակելի մասնագետի:
Պրոֆեսոր Սահակյանի հիշատակը կմնա անմար՝ իր կատարած աշխատանքի, իր փրկած կյանքերի և իր սաների շնորհիվ, ովքեր շարունակում են նրա ճանապարհը։
«Շենգավիթ» ԲԿ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը և ողջ բուժանձնակազմը ցավակցում են ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։
Հանգչեք խաղաղությամբ, բժշկագիտության իրական նվիրյալ։