
23/04/2025
ՄԻ ՔԻՉ` ՅՈԴԻ ՄԱՍԻՆ
Սիրելի խմբակիցներ
Վերջերս բժշկական խմբերից մեկում հարց էին բարձրացրել, թե վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման նպատակով ի՞նչ "տնական" մեթոդներ կան, և շատերը խորհուրդ էին տալիս ընկույզով, սպիրտով պատրաստվող լուծույթը, նշելով որ այն պարունակում է յոդ միկրոտարր։
Ցանկանում եմ առաջին հերթին նշել, որ յոդի ընդունումը շատ յուրահատկություններ ունի։ Առաջին հերթին, այն ցուցված է միայն յոդ֊դեֆիցիտային վիճակներում, որոնք հաստատվում են լաբորատոր հետազոտություններով։ Կան որոշ հատուկ դեպքեր, օրինակ` միջուկային զենքի կիրառումը, որի դեպքում յոդը կանխարգելում է ռադիոակտիվ յոդի կուտակումը օրգանիզմում։ Յոդի կիրառումը պետք է բացառվի վահանաձև գեղձի ռադիոիզոտոպային հետազոտություն կամ բուժում անցնելուց առաջ, ընդ որում, յոդացված աղ չի կարելի օգտագործել տվյալ դեպքում, որպեսզի առաջանա յոդ դեֆիցիտային վիճակ և ներմուծվող ռադիոակտիվ յոդը կարողանա կլանվի վահանաձև գեղձի կողմից։
Սովորական պայմաններում կերակրի աղի մեջ պարունակվող յոդը սովորաբար բավարարում է մարդու օրգանիզմի պահանջները։ Կերակրի աղի յոդացումը իրականացվում է ՀՀ֊ում կալիումի յոդատի միջոցով։ Դա հեշտ իրականացվող, էժան եղանակ է, մոտ 1 տարի յոդի պահպանման ժամկետով։ Այլ երկրներում յոդացումն իրականացվում է կալիումի յոդիդով, որը հավանական է, ավելի օգտակար է։ Երկարաժամկետ չյոդացված աղ կիրառելիս, բաց վիճակում երկար պահպանված կամ "ժամկետանց" աղ կիրառելիս, կամ կերակրի աղից իսպառ հրաժարվելիս հնարավոր է զարգանա յոդի դեֆիցիտ։ Յոդի ավելցուկ սովորական պայմաններում չի զարգանում, այն հեշտությամբ դուրս է գալիս, հիմնականում մեզի միջոցով։
Ընկուզեղենը, ընդեղենը յոդ գրեթե ՉԵՆ պարունակում։ Ընկույզի, դրա միջուկի, և այլն կողմից " յոդի նման" գունավորումը պայմանավորված է Յուգլոն քիմիական նյութով, որը առաջանում է անգույն հիդրօքսիյուգլոնից` թթվածնի առկայությամբ օքսիդանալիս։ Յուգլոնը (5֊հիդրօքսի 1,4֊ նաֆթալենդիոն) բնական ներկանյութ է, կիրառվում է սննդարդյունաբերության մեջ, և ընկույզում առկա է մոտ 2֊4% քանակությամբ (հիդրօքսիյուգլոն)։ Այն բնական հերբիցիդ է, թունավոր է մի շարք բույսերի համար, և ճնշում է ընկուզենու շուրջը այլ բույսերի աճը։ Թունավոր է նաև որոշ կենդանիների համար, օրինակ` ձիերի։
Յոդի բնական աղբյուրը ծովային բույսերն են, և որոշ ծովային կենդանիներ (ավելի քիչ են յոդ պարունակում)։ Մնացած սննդում յոդը անհամեմատ քիչ է, և միայն յոդացված աղն է տվյալ դեպքում լրացնում այդ պակասը։
Այսպիսով, ընկույզով պատրաստված "հրաշագործ" ալկոհոլային միջոցներից հրաժարվեք, իսկ վահանաձև գեղձի խնդիրների կասկածի դեպքում դիմեք մասնագետի։
Ներկայացնում եմ USDA և FDA փաստաթուղթը` տարբեր սննդատեսակներում յոդի պարունակության վերաբերյալ։
https://www.ars.usda.gov/ARSUSERFILES/80400535/DATA/IODINE/IODINE%20DATABASE_DOCUMENTATION.PDF
Նյութը տրամադրեց Vahagn Barseghyan - ը
#յոդ #սննդակարգ
#լաբբեկ