28/08/2023
🔊Ի՞նչ է կորոնարոգրաֆիան, ինչպե՞ս է իրականացվում, ո՞ր ախտանիշների դեպքում, ի՞նչ տեսակներ ունի։
👨⚕️Այս հարցերին պատասխանել է Ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքի սրտաբան Արմեն Օքրոյանը։
🟢Ի՞նչ է կորոնարոգրաֆիան, ի՞նչ տեսակներ ունի։
Կորոնարոգրաֆիան սիրտը սնուցող (պսակաձև) անոթների առավել ճշգրիտ ախտորոշիչ հետազոտությունն է, որը հնարավորություն է տալիս որոշել վերը նշված զարկերակների ախտահարման առկայությունը և աստիճանը, այդպիսով հստակ տարանջատելով սրտի իշեմիկ հիվանդոության տարբեր տեսակները: Հետազոտությունը իրականացվում է ռենտգեն վիրահատական սենյակում, անգիոգրաֆիկ սարքի միջոցով, կոնտրաստ նյութի կիրառմամբ:
Ելնելով շտապողականությունից՝ ԿԱԳ-ը, մասնավորապես, կարելի է դասակարգել 3 տեսակի.
✅պլանային, այսինքն՝ ոչ շտապ,
✅շտապ,
✅անհետաձգելի:
Շտապողականությունը որոշվում է պացիենտի մոտ սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշման տեսակից և վիճակի ծանրության աստիճանից:
☑️Ե՞րբ է նշանակվում կորոնարոգրաֆիան և ո՞ր ախտանիշների դեպքում։
Միայն ախտանիշները դեռ ցուցում չեն հանդիսանում ԿԱԳ իրականացնելու համար։ Մինչ ԿԱԳ-ի ցուցում նշանակելը անհրաժեշտ է լինում իրականացնել նվազագույն կլինիկոլաբորատոր և գործիքային հետազոտություններ (ԷԱԳ, ԷխոԱԳ, տրեդմիլ տեստ), լաբորատոր հետազոտությունների ցանկ: Հիմնական ախտանիշները, որոնցով հիվանդը դիմում է սրտաբանին մինչ թվարկած հետազոտություններն անցնելը ՝ ցավ հետկրծքային շրջանում, որն ի հայտ է գալիս հիմնականում ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, երբեմն նաև հանգիստ վիճակում, ցավը կարող է ունենալ ճառագայթող բնույթ (դեպի ծնոտ, ուսագոտի, վերին վերջույթ, երբեմն լինում է այլ տեղակայման, օր. ստամոքսի, ինչպես հիվանդն է նշում):Երբեմն ցավի փոխարեն խնդիրը կարող է դրսևորվել օդի պակասի զգացումով ՝ շնչարգելությամբ, հևոցով:
👉Այս պարագայում շատ կարևոր են նաև հիվանդի մոտ առկա ռիսկերի բազմաթիվ գործոնները՝ շաքարային դիաբետ, խոլեստերինի բարձր ցուցանիշներ ՝ հայտնաբերված լաբորատոր հետազոտությամբ, ժառանգականություն, վնասակար սովորությունների առկայություն (ծխախոտի օգտագործում, ալկոհոլի չարաշահում և այլն):
☑️Ինչպե՞ս է իրականացվում, արդյոք պրոֆիլակտիկ նպատակով կարո՞ղ է իրականացվել, թե՞ ոչ։
🔵Հետազոտությունն իրականացվում է միայն տեղային անզգայացման պայմաններում զարկերակային մուտքով, հաճախ ճաճանչային, այսինքն՝ վերին վերջույթից կամ ազդրային աճուկային հատվածից: Հետազոտությունը կատարում են հստակ ցուցումների դեպքում, ինչը նշանակում է, որ պրոֆիլակտիկ նպատակով ԿԱԳ հետազոտությունը չի իրականացվում: