24/03/2026
Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) Օհաննես Ջոն Խաչիկյանի անվան Գյումրիի մարզային ակնաբուժական կենտրոնը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոնում նոր՝ ավելի ընդարձակ և հարմարավետ տարածք։ Երեկ տեղի ունեցած վերաբացման միջոցառման ընթացքում ներկայացվել են կենտրոնի անցած ուղին, արձանագրած արդյունքներն ու զարգացման հեռանկարները։
Գերժամանակակից սարքավորումներով հագեցած այս կենտրոնը հիմնադրվել է 2018 թվականին Օհաննես Ջոն Խաչիկյանի որդի Լութեր Խաչիկյանի նվիրատվության շնորհիվ։ Կենտրոնը տարիներ շարունակ ապահովել է Շիրակի մարզի բնակիչների համար բարձրորակ ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը, իսկ նոր տարածք տեղափոխվելով՝ այն այժմ առավել հարմար պայմաններում կշարունակի իր գործունեությունը՝ ընդլայնելով ծառայությունների մատուցման հնարավորությունները։
«Այս կենտրոնը հիմնվել է ՀԱՆ-ի կողմից 2015 թվականին մեկնարկած մարզային ակնաբուժական ենթակառուցվածքների վերականգնման լայնածավալ ծրագրի շրջանակում։ Մեր երկարամյա գործընկերների հետ գործակցությամբ շարունակաբար զարգացնում ենք մարզային ակնաբուժական ծառայությունները՝ դրանք դարձնելով ավելի հասանելի։ Այս տարի նախատեսում ենք ստեղծել ևս մեկ մարզային ակնաբուժական ախտորոշման կլինիկա Արարատի մարզում, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում ՀԱՆ-ը կունենա նշանակալի ներկայություն և կապահովի ակնաբուժական բարձրորակ ծառայությունների հասանելիությունը», - ասաց Հայկական ակնաբուժության նախագծի տնօրեն Նունե Եղիազարյանը։
Ի լրումն կենտրոնի տեխնիկական հագեցվածության՝ Հայկական ակնաբուժության նախագիծը 2021 թվականին Գյումրիի մարզային ակնաբուժական կենտրոնը համալրեց ցանցաթաղանթի վիրահատությունների համար նախատեսված վերջին սերնդի համակարգերով և նորագույն միկրոսկոպով՝ ստեղծելով կենտրոնում վիտրեոռետինալ ծառայության զարգացման նոր հնարավորություն։ Կարևոր է, որ այս տարիներին ՀԱՆ-ը նշանակալի ներդրում է ունեցել նաև տեղի բուժանձնակազմի մասնագիտական վերապատրաստման գործում։ Պարբերաբար Գյումրի են այցելել բժիշկ կամավորներ՝ առաջատար վիրաբույժներ ԱՄՆ-ից և ՌԴ-ից, ովքեր տեղի մասնագետների հետ քննարկել են բարդ դեպքեր, իրականացրել համատեղ վիրահատություններ և նպաստել կենտրոնի կարողությունների շարունակական զարգացմանը։ Միջոցառմանը ներկա էին նաև կամավոր բժիշկներ Ռուբեն Գրիգորյանը (ԱՄՆ) և Ալեքսանդր Գոլովին (ՌԴ), ովքեր առաջիկա օրերին տեղի գործընկերների հետ կքննարկեն բարդ դեպքեր և վիրահատություններ կիրականացնեն կենտրոնում, առաջիկայում բժշկական առաքելությամբ Հայաստան կժամանի նաև վիրաբույժ Արփենիկ Ավագյանը (ԱՄՆ)։
Armenian EyeCare Project