07/05/2026
Актуально..
ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում (ՀՀ ԱՆ ԱԱԻ) իրականացվող «Առողջապահության կազմակերպում և կառավարում» հետավարտական/հետբուհական կրթական ծրագրի վերաբերյալ սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից հրապարակված տեղեկատվության առնչությամբ անհրաժեշտ ենք համարում արձագանքել՝ նշելով հետևյալը․
Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի կողմից իրականացվող հետավարտական նեղ մասնագիտացման ծրագրին կարող են մասնակցել բացառապես բարձրագույն բժշկական կրթություն ունեցող անձինք, ովքեր արդեն իսկ հանդիսանում են առողջապահության ոլորտի մասնագետներ։
Սույն կրթական ծրագիրը նախատեսված չէ ոչ բժշկական կրթություն ունեցող անձանց համար։
Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի N23-Ն հրամանով հաստատված «Առողջապահության ոլորտի մասնագիտական գործունեության հիմնական մասնագիտությունների, նեղ և լրացուցիչ մասնագիտացումների» նոր ցանկի համաձայն՝ «Հանրային առողջություն և առողջապահություն» հիմնական մասնագիտությունը նախատեսում է մագիստրոսի աստիճան, մինչդեռ, «Առողջապահության կազմակերպում և կառավարում» ծրագիրը հանդիսանում է նեղ մասնագիտացում։
Հետևաբար, տվյալ նեղ մասնագիտացումը կարող է ձեռք բերվել հիմնական բժշկական մասնագիտության հենքի վրա։
Միաժամանակ նշենք, որ ՀՀ ԱՆ ԱԱԻ-ն չի իրականացնում մագիստրոսական կրթական ծրագրեր, քանի որ դրանք բուհական ծրագրեր են։ Մագիստրոսական ծրագրեր իրականացվում են բացառապես բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից։
ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի կողմից իրականացվող կրթական ծրագրերն իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, և նպատակ ունեն զարգացնելու առողջապահության կառավարման, ռազմավարական պլանավորման, հանրային առողջապահության և կազմակերպչական հմտությունները՝ առողջապահական համակարգի շարունակական զարգացման և բարեփոխումների համատեքստում։
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ծրագրի շրջանակում ուսումնական գործընթացը կազմակերպվում է աշխատանքային օրերին՝ ուշ ժամերին, ինչպես նաև շաբաթ օրերին՝ ժամը 11:00–18:00-ն ընկած ժամանակահատվածում։ Նշենք նաև, որ ուսումնառողները երբեմն ներգրավված են լինում դասերին՝ առցանց մասնակցությամբ։
Հետևաբար, շրջանառվող այն պնդումները, թե մասնակիցներն ուսմանը ներգրավված են իրենց հիմնական աշխատանքային պարտականությունների կատարման հաշվին, չեն համապատասխանում իրականությանը։
Կարևոր ենք համարում նաև ընդգծել, որ կրթական գործընթացն իրականացվում է ակադեմիական պատասխանատվության, մասնակցության և գնահատման սահմանված չափանիշների պահպանմամբ։
Հանրային առողջապահության ոլորտում ժամանակակից կառավարման գիտելիքների զարգացումն առողջապահական համակարգի արդյունավետության բարձրացման կարևոր նախապայման է, և չի կարող դիտարկվել որպես ձևական գործընթաց։
Կոչ ենք անում զերծ մնալ մասնագիտական կրթության և առողջապահական համակարգի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների վերաբերյալ ոչ մասնագիտական գնահատականներից և հարցը դիտարկել բացառապես մասնագիտական ու ինստիտուցիոնալ հարթության մեջ։