
13/09/2025
5 պատճառ հոգեբանին դիմելու համար
✨️Շատերը կարծում են, որ հոգեբանին պետք է դիմել միայն ծանր խնդիրների դեպքերում․ դեպրեսիա, ուժեղ տագնապ կամ հոգեկան խանգարումներ։ Դեռևս արմատավորված է “ես հո գիժ չեմ, որ հոգեբանին դիմեմ” կարծրատիպը։
Իրականում շատ կարևոր է սովորել լսել մեր հոգու ցավը և դիմել մասնագետի` հոգեկան առողջության պահպանման և կանխարգելման նպատակով։
Առանձնացրել եմ 5 պատճառ, թե ինչու արժե դիմել հոգեբանի․
1․ Երբ զգում եք, որ փակուղում եք, ելք չեք գտնում
Կյանքում երբեմն լինում են պահեր, երբ չգիտենք՝ ո՞ր ճանապարհով գնալ, ո՞ր որոշումն ընդունել։ Հոգեբանը օգնում է կողմնորոշվել, տեսնել իրավիճակը նոր տեսանկյունից, նաև ճանաչել սեփական ռեսուրսները և համարձակություն ձեռք բերել քայլեր անելու համար։
2․ Երբ զգացմունքները խեղդում, հաճախ եք կորցնում ինքնատիրապետումը
Անհանգստություն, վախեր, ագրեսիա կամ հիասթափություն, որոնք խանգարում են առօրյային։ Հոգեբանը սովորեցնում է կառավարել հույզերը՝ չվնասելով ինքներդ ձեզ և շրջապատին։
3․ Երբ հարաբերություններում խնդիրներ կան
Ընտանեկան կոնֆլիկտներ, զույգի հետ չհասկացվածություն կամ դժվարություններ ծնողների հետ շփման մեջ։ Հոգեբանի հետ աշխատանքը օգնում է հասկանալ ինքներդ ձեզ, ձեր տեղը այդ հարաբերություններում, սովորել կառուցել ավելի ներդաշնակ հարաբերություններ։
4․ Երբ ինքնագնահատականը ցածր է
«Ես չեմ կարող», «ես արժանի չեմ», «ուրիշներն ավելի լավն են» մտքերը թույլ չեն տալիս լիարժեք կյանք վարել։ Հոգեբանը օգնում է գիտակցել ձեր ցածր ինքնագնահատականի խորքային պատճառները, բացահայտել ձեր ներուժը և վստահություն ձեռք բերել։
5․ Երբ ձգտում եք ինքնաճանաչման և անձնային աճի
Հոգեբանի մոտ գնալը միշտ չէ, որ «խնդիրներ լուծելու» համար է։ Երբեմն մարդիկ պարզապես ցանկանում են ավելի լավ ճանաչել իրենց, բացահայտել ներքին ռեսուրսները և դառնալ իրենց լավագույն տարբերակը։
📌 Հոգեբանի մոտ գնալը խիզախություն է, ոչ թե թուլություն։ Դա ընտրություն է՝ ձեր կյանքի որակը բարձրացնելու և ներդաշնակություն գտնելու համար։
#հոգեբան #հոգեթերապիա #տագնապ #վախեր #ինքնագնահատական #անձնայինաճ #ԴիաԼոգ