14/07/2020
Գիտեի՞ք, որ տիտանից պատրաստված ատամնային իմպլանտի մակերեսը կարելի է ակտիվացնել ուլտրամանուշակագույն ճառագայթներով, որի արդյունքում բարելավվում է օստեոինտեգրացիայի ժամանակը, նվազեցվում է բարդությունների հավանականությունը:
Տիտանը (Ti) իդեալական մետաղ է ատամնային իմպլանտների համար` գլխավորապես իր իներտության և կենսահամատեղելիության շնորհիվ:
Այնուամենայինիվ` ատամնային իմպլանտի օստեոինտեգրացիայի կանխատեսելիությունը և լավացման ժամանակը բարելավելու համար մշակվել են և մշակվում են իմպլանտի մակերեսի տարատեսակ մակրո-, միկրո- և նանոմոդիֆիկացիաներ:
Այդ մոդիֆիկացիաներն ի վերջո ուղղված են իմպլանտի մակերեսի այնպիսի հատկանիշներին, որոնց բարելավման արդյունքում մեծանում է իոնների, լիպիդների, ածխաջրերի և սպիտակուցների աբսորբցիան: Դա էլ իր հերթին խթանում է բջիջների աճը և միգրացիան` դեպի իմպլանտի մակերես:
Վերջնական արդյունքը լինում է ոսկրի և իմպլանտի կոնտակտի ավելի մեծ բաժին, որը հիմնական գործոնն է` լավ օստեոինտեգրացիայի համար:
Հատկանշական է, որ իմպլանտի մակերեսը կարող է փոփոխվել ժամանակի ընթացքում` նույնիսկ գործարանային ստերիլ փաթեթի մեջ (իմպլանտի հնեցում):
Դա պայմանավորված է ստերիլ փաթեթում առկա մթնոլորտային ածխաջրածինների մոլեկուլներով, որոնք ժամանակի ընթացքում կապվում են տիտանի օքսիդի շերտին և առաջացնում են հիդրոֆոբ («ջրավախ») շերտ:
Հիդրոֆոբ շերտը կարող է մինչև 50% նվազեցնել մակերեսի աբսորբցիայի ունակությունը և ազդել օստեոինտեգրացիայի վրա:
Այս երևույթը դիտվում է գործարանային արտադրումից սկսած` 4-րդ շաբաթից, համարվում է անխուսափելի և կախված է պահպանման ժամկետից:
Ահա այս հիդրոֆոբ շերտի վերացման համար էլ 1997թ.ին առաջարկվել է ուլտրամանուշակագույն ճառագայթների կիրառումը, որի միջոցով հնարավոր է վերականգնել մակերեսի հիդրոֆիլությունը (խնամակցությունը` ջրային միջավայրի նկատմամբ):
Այդ պրոցեդուրան կոչվում է ֆոտոֆունկցիոնալիզացիա, նրա իմաստը` տիտանի մակերեսին Ti3+ -իոնների առաջացումն է, որոնք օժտված են ուժեղ հիդրոֆիլ ունակություններով:
Ըստ որոշ հետազոտությունների արդյունքների` ֆոտոֆունկցիոնալիզացիան մեծացնում է ոսկրի և իմպլանտի կոնտակտը, ինչպես նաև մեծացնում է հակառակ պտտող ուժը, որը անհրաժեշտ է` օստեոինտեգրացիան ընդհանտելու համար:
#Իմպլանտացիա #ՈւՄ #ֆոտոֆունկցիոնալիզացիա #դիմածնոտային #վիրաբուժություն #Имплантация #фотфункционализация