08/04/2023
ՔՆԻ ԿԱԹՎԱԾ
⠀
Այսօր եկել եմ պատմելու մեր ուղեղի մի շատ հետաքրքիր ու «միստիկ» հատկության մասին։
⠀
Քնի ժամանակ մարդու գլխուղեղը պարալիչի է ենթարկում մեր մկանները։ Հնչում է, համաձայն եմ, փոքր ինչ տարօրինակ, սակայն այս երևույթը ինքնանպատակ չէ և ունի գիտական բացատրություն. մկանները ռեֆլեկտոր կերպով ենթարկվում են պարալիչի, որպեսզի մենք չկարողանանք շարժվել երազներ տեսնելու ժամանակ և չարթնանանք այդ շարժումների պատճառով: Այդ իսկ պատճառով է, որ, երբեմն, երբ մարդն արթնանում է, չի կարողանում անմիջապես շարժվել։ Պարադոքսալ է, բայց փաստ:
⠀
Քնի կաթվածը ոչ մի հիվանդության հետևանք չէ և կյանքին կամ առողջությանը չսպառնացող երևույթ է: Սակայն, երբ այն պատահում է առաջին անգամ, շատերի մոտ ծնում է վախ և դառնում տագնապի առաջացման պատճառ:
⠀
Հանկարծակի արթնանալու դեպքում ուղեղը դեռ չի հասցնում «արթնացնել» մկանները, և մարդը չի կարողանում ներշնչել: Սովորաբար պացիենտներն այս երևույթը նկարագրում են այսպես` «կարծես մեկը նստած լինի կրծքավանդակիս»:
⠀
Քնի կաթվածի ժամանակ կարող են լինել նաև ձայնային և տեսողական հալյուցինացիաներ: Օրինակ՝ մարդ կարող է տեսնել տարբեր ուրվականներ, «չար» ոգիներ, լսել վհուկների ձայներ և այլն:
⠀
Ի՞նչ անել քնի կաթվածի դեպքում.
1. Փորձե՛ք հանգստանալ և գիտակցել, որ կյանքին սպառնացող ոչ մի երևույթ տեղի չի ունենում:
2. Փորձե՛ք շարժել ձեռքերի կամ ոտքերի մատները, ինչ-որ բան արտաբերել: Դա կօգնի մարմինը դուրս բերել պարալիզացված վիճակից:
3. Եթե կա քնի խանգարում, փորձե՛ք կարգավորել քնի և արթունության ռեժիմը։
4. Պրոֆիլակտիկայի նպատակով խորհուրդ է տրվում քնել ոչ թե մեջքի, այլ կողքի կամ փորի վրա։
⠀
Ըստ վիճակագրության՝ մարդկանց 7%-ը բախվում է քնի կաթվածի հետ:
Իմ պրակտիկայում ես դեռ չեմ հանդիպել այս երևութի հետ, միգուցե դա կախված է նրա հետ, որ այս մասին շատերը չգիտեն և պատճառը փնտրում են ոչ գիտական ու միստիկ աղբյուրներում:
⠀
Իսկ դուք ծանո՞թ եք այս երևույթին, հետաքրքիր է իմանալ ☺️
⠀
Հետևե’ք իմ էջին, կիսվե’ք ընկերների հետ ավելի տեղեկացված լինելու համար:
⠀