30/04/2026
📌 Ամեն տարի ապրիլի վերջին շաբաթը նվիրվում է իմունականխարգելմանը, ինչը հնարավորություն է ընձեռում մեկ անգամ ևս ընդգծել պատվաստումների դերի կարևորությունը և գերակայությունը հանրային առողջապահության ոլորտում:
💉 Պատվաստումները կարևոր են մեր առողջության համար, և այսօր ուզում ենք ձեզ պատմել, թե ինչու։ Պատկերացրեք, որ ձեր օրգանիզմը մի հզոր ամրոց է, իսկ ձեր իմունային համակարգը՝ այդ ամրոցի պաշտպանները (զինվորները)։ Պատվաստանյութը նման է «ուսումնական վարժանքի»։ Այն սովորեցնում է ձեր զինվորներին ճանաչել թշնամուն (վիրուսին կամ բակտերիային) նախքան նրա իրական հարձակումը։ Երբ մենք պատվաստվում ենք, մեր օրգանիզմը ստանում է հրահանգներ, թե ինչպես պայքարել հիվանդության դեմ։ Եթե հետագայում այդ վիրուսը փորձի ներխուժել, մեր «զինվորներն» արդեն գիտեն՝ ինչպես նրան արագ վնասազերծել, քանի որ մենք արդեն ձեռք ենք բերել իմունիտետ պատվաստվելու արդյունքում։
👉🏻 Ինչո՞ւ է դա կարևոր։
1. Պաշտպանություն է քեզ համար։ Դու չես հիվանդանում կամ հիվանդությունը տանում ես շատ թեթև։
2. Պաշտպանություն ընտանիքի համար։ Պատվաստվելով դու չես վարակում քո տատիկին, պապիկին կամ փոքրիկ քույրիկին/եղբորը, ում համար հիվանդությունը կարող է վտանգավոր լինել։
🦠 Պատվաստանյութերը նվազեցնում են այն հիվանդությունների ռիսկը և մահը, որոնք կանխարգելվում են պատվաստումով։ Պատվաստումների շնորհիվ տարեկան 2-3 միլիոն մահվան դեպք է կանխարգելվում։
📌 Պատվաստումներն անվտանգ ու արդյունավետ միջոց են, ապահովում են պաշտպանություն ոչ միայն այսօր, այլև ապագա սերունդների համար։
Տեղեկացված եղի՛ր, Հարցրու ծնողներիդ, տեղամասային բժշկին կամ դպրոցի բուժքրոջը քո պատվաստումների մասին։