2004թ. ավարտել է Ստ. Զորյանի անվան թիվ 56 միջն. դպրոցը:
2004-2010թթ. սովորել և ավարտել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի (ԵՊԲՀ) ընդհանուր բժշկության ֆակուլտետը:
Ուսանողական տարիներին համատեղությամբ աշխատել է գիշերային հերթափոխի դեղագետ, այնուհետև առողջապահական ծրագրերի ասիստենտ, ապա՝ համակարգող:
2010 – 2013թթ. անցել է կլինիկական օրդինատուրա արյունաբանությունից ԵՊԲՀ Մուրացան Համալսարանական Հիվանդանոցում, 2012թ. մարտ – օգոստոս՝ մանկական ուռուցքաբանության այցելու կլինիկական օրդինատոր Չինաստանի Բժշկական Համալսարանի Մանկական Հիվանդանոցում (Թայվան), 2013թ. հոկտեմբերից 2014թ. ապրիլ՝ Վիեննայի Սուրբ Աննայի Մանկական Հիվանդանոցում (Ավստրիա) մանկական ուռուցքաբանություն այցելու կլինիկական օրդինատոր:
2013 – 2016թթ. ուռուցքաբանության ասպիրանտուրա ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնում՝ ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի կոչում (գիտ.ղեկավար՝ Ս.Հ.Դանիելյան), 2013 – 2015թթ. ուռուցքաբանության մագիստրատուրա (հեռակա) Գերմանիայի Ուլմի Համալսարանում՝ ստացել գիտությունների մագիստրոսի կոչում (գիտ.խորհրդատուներ՝ Ռ.Շլենկ և Տ.Կադիա), 2014թ. օգոստոսից – 2015թ սեպտեմբեր՝ հետդոկտորանտուրա Տեխասի Համալսարանի ՄԴ Անդերսոն Քաղցկեղի կենտրոնի (Հյուստոն, ԱՄՆ) Լեյկեմիայի բաժանմունքում (գիտ.ղեկավար՝ Մ.Կոնոպլյովա):
2014թ. ապրիլ - հուլիս աշխատել է Քաղցկեղի Բուժման և Հետազոտությունների Կազմակերպությունում (EORTC) որպես հետազոտող-գիտնական (Բրյուսել, Բելգիա) և 2015թ. սեպտեմբեր - դեկտեմբեր՝ այցելու գիտնական Հարվարդի Համալսարանի Դանա-Ֆարբեր/Բոստոնի Մանկական Քաղցկեղի և Արյան Կենտրոնում (Բոստոն, ԱՄՆ):
2015թ. սեպտեմբերից դասավանդում է մանկական ուռուցքաբանություն Գերմանիայի Ուլմի Համալսարանի Ուռուցքաբանության Մագիստրոսական Ծրագրում:
2015թ. դեկտեմբերից մինչև 2018թ. փետրվար՝ ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի դասախոս, իսկ 2018թ. փետրվարից մինչև 2019թ. հուլիս՝ նույն ամբիոնի դոցենտ: 2015թ. դեկտեմբերից մինչև 2019թ. փետրվար՝ Մուրացան Համալսարանական Հիվանդանոցի Քիմիաթերապիայի Կլինիկայում մանկական ուռուցքաբան և արյունաբան:
2017 թվականի սեպտեմբերից հանդիսանում է ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական: 2019թ. հունվարից հանդիսանում է պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի խորհրդական:
2019թ. փետրվարից՝ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում մանկական ուռուցքաբան և արյունաբան, իսկ մայիսից՝ նույն կենտրոնի ղեկավար: 2019թ. հուլիսից ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության նորաստեղծ ամբիոնի վարիչ:
2018թ սեպտեմբերին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու, ինչից հրապարակավ հրաժարական է տվել 2019թ օգոստոս ամսին՝ հայտնելով իր անհամաձայնությունը առողջապահության նախարարի վարած քաղաքականության և գործողությունների հետ:
2018 - 2019թթ սովորել է Հարվարդի բժշկության դպրոցի Քաղցկեղի հետազոտությունների (High Impact Cancer Research) մեկամյա ծրագրում (հեռակա):
2019թ-ի հուլիսին ավարտել է Հարվարդի հանրային առողջության դպրոցի համաշխարհային առողջապահության կազմակերպման (Global Health Delivery) ինտենսիվ դասընթացը:
Արժանացել է Ամերիկայի Կլինկական Ուռուցքաբանության Միության (ASCO) IDEA (2013թ) մրցանակին և LIFe մրցանակին (2014թ). առաջինն է եղել ԱՊՀ տարածաշրջանից, որ արժանացել է LIFe մրցանակին:
Եվրոպայի Ուռուցքաբանության Դպրոցի կրթաթոշակակիր 2013 – 2015թթ, Հարվարդի Համալսարանի Դանա-Ֆարբեր/Բոստոնի Մանկական Քաղցկեղի և Արյան Հիվանդությունների Կենտրոնի GLOBE կրթաթոշակակիր (2015թ), արժանացել է Արյունաբանական Ուռուցքաբանության Միության շնորհակալագրերին՝ որպես միության դեսպան (2015, 2016, 2017, 2018 թթ) և այլ միջազգային մրցանակների և շնորհակալագրերի:
2016թ. ընտրվել է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Քաղցկեղի Հետազոտությունների Միջազգային Գործակալության (IARC) Երիտասարդ առաջնորդ: Նույն տարում IARC-ի կողմից առաջադրվել է որպես Քաղցկեղի Վերահսկման Միջազգային Միության (UICC) երիտասարդ առաջնորդ:
2018թ-ին արժանացել է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական խորհրդի "Содружество дебютов" միջազգային մրցանակին, նույն տարում՝ ՀԲԸՄ, Հարվարդի բժշկության դպրոցի և Taktajian Family Fund կրթաթոշակներին՝ Հարվարդի բժշկության դպրոցում ուսանելու համար, իսկ 2019թ-ին՝ Հարվարդի բժշկության դպրոցի համաշխարհային առողջապահության կազմակերպման Դուբայի կենտրոնի լրիվ կրթաթոշակին:
Հանդիսանում է մի շարք միջազգային մասնագիտական միությունների և գիտական կոմիտեների լիիրավ անդամ:
2015թ-ից հանդիսանում է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության (SIOP) գիտական խորհրդատու կոմիտեի անդամ, իսկ 2017թ-ից նույն միության Զարգացող երկրներում օժանդակ բուժման աշխատանքային խմբի համանախագահ:
Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի համահիմնադիրն է և համակարգողը:
2015թ-ից Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության IDEA աշխատանքային խմբի անդամ է, իսկ 2018թ-ին ընտրվել է IDEA աշխատանքային խմբի ղեկավար: 2018թ-ից հանդիսանում է նաև նույն միության Կրթական ձեռնարկի էքսպերտային խմբի և Քաղցկեղի մուլտիդսիցիպլինար բուժման (MCMC) աշխատանքային խմբի անդամ:
2013 – 2018թթ երկու անգամ ընտրվել է Հեմոստազի և թրոմբոզի միջազգային միության (ISTH) Երիտասարդ պրոֆեսիոնալների խմբի անդամ:
2017թ-ից հանդիսանում է Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան (POEM) խմբի տնօրենների խորհրդի անդամ, ինչպես նաև 2019թ գիտական կոնգրեսի կազմ. կոմիտեի ղեկավար, որը տեղի է ունեցել 2019թ փետրվարին՝ Երևանում և որին մասնակցել են 40 երկրից պատվիրակություններ:
2012 թ-ից Միելոդիսպլաստիկ սինդրոմների միջազգային հիմնադրամի (MDS Foundation) փորձագետ է:
2014թ-ից Արյունաբանական ուռուցքաբանության միության (SOHO) դեսպանն է Հայաստանում:
2016թ-ից՝ Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության հայկական խմբի ղեկավարն է:
2016 թվականին նախաձեռնել է «Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով» միջազգային կոնֆերանսը Երևանում, որին մասնակցել են աշխարհի խոշորագույն քաղցկեղի կենտրոնների՝ Տեխասի համալսարանի ՄԴ Անդերսոն Քաղցկեղի Կենտրոնի և Հարվարդի Համալսարանի Դանա-Ֆարբեր/Բոստոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի մասնագետները, և կոնֆերանսի ընթացքում ստորագրվել է համագործակցության հուշագիր Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի և ՄԴ Անդերսոն քաղցկեղի կենտրոնի միջև (ԱՄՆ N1 մեծահասակների քաղցկեղի կենտրոնը ըստ US News & World Report-ի):
2017թ-ին Քաղցկեղի Վերահսկման Միջազգային Միության Երիտասարդ առաջնորդներից մի քանիսի հետ հիմնադրել են Գլոբալ ուռուցքաբանության երիտասարդ աշխատանքային խումբը (Young Task Force for Global Oncology):
Նախաձեռնել է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության և Եվրոպայի Ուռուցքաբանության Դպրոցի (ESO) 1-ին համատեղ մաստեր-կլասը, որի անցկացման վայր ընտրվել է Հայաստանը՝ 2018թ.-ի նոյեմբերին. հանդիսացել է ընդունող կողմի ղեկավար:
Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի համահիմնադիր է և հոգաբարձուների խորհրդի անդամ:
2015 թվականին անցել է Առողջապահության կազմակերպման դասընթաց Թայվանում՝ կազմակերպված Թայվանի առողջապահության նախարարության կողմից:
2015թ-ին սեպտեմբերից – նոյեմբեր ամիսներին հաճախել է առողջապահության նորարարությունների և ձեռներեցության դասընթացին՝ Հարվարդի բժշկության դպրոցում:
Մի քանի տասնյակ գիտական աշխատանքների հեղինակ է, որոնց մեծամասնությունը տպագրվել են հայտնի միջազգային գիտական ամսագրերում (Cancer, Pediatric Blood & Cancer, և այլն):
2016 – 2018թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես բժիշկ-մասնագետ, բուժծառայության (բ/ծ) լեյտենանտ: Բ/ծ ավագ լեյտենանտ է:
2016թ-ին հրապարակել է Դրախտ օվկիանոսի մեջտեղում կամ «Արտադրված է Թայվանում» հուշագրությունը (Անտարես, Երևան):
2018թ-ին ընտրվել է Հայաստանի Հարվարդի Ակումբի նախագահ:
2019թ-ին ընտրվել է Հայաստանի բժիշկների միության նախագահ:
Ամուսնացած է: