06/11/2019
Գիտե՞իք, որ սեռավարակները, բուժման բացակայության դեպքում, հաճախ կարող են դառնալ անպտղության պատճառ: Նույնիսկ ախտանիշների բացակայության պարագայում մի շարք վարակներ, ինչպիսիք են քլամիդիան, ուրէապլազման և միկոպլազման, կարող են հանգեցնել արգանդի և արգանդափողերի բորբոքման, որն էլ կանխելի անպտղության ամենատարածված պատճառներից է: Բացի այդ, նշված սեռավարակները կարող են հղիության ժամանակ բարդացումների պատճառ դառնալ՝ բարձրացնելով ինքնաբեր վիժման կամ վաղաժամ ծննդաբերության հավանականությունը:
Քլամիդիան, ուրէապլազման և միկոպլազման ամենահաճախ հանդիպող սեռավարներից են: Դրանք կարող են առաջացնել միզուղիների կամ արգանդի պարանոցի բորբոքում, իսկ բուժման բացակայության դեպքում տարածվել դեպի արգանդ, արգանդափողեր և ձվարաններ: Բորբոքման հետևանքով արգանդափողերում ի հայտ են գալիս կպումներ, որոնք խոչընդոտում են ձվաբջջի շարժումը դեպի արգանդ՝ հանգեցնելով անպտղության:
Արգանդի և արգանդափողերի բորբոքումը կարող է լինել խրոնիկ՝ թույլ արտահայտված ախտանիշներով, սուր՝ հանկարծակի և խիստ արտահայտված ախտանիշներով, ինչպես նաև՝ անախտանիշ: Վերջինիս դեպքում գանգատների բացակայությունը ամենևին չի նշանակում, որ վերարտադրողական օրգանները վնաս չեն կրել: Երբեմն կանանց մոտ արգանդի և արգանդափողերի բորբոքումները բացահայտվում են միայն հղիանալու անհաջող փորձերից կամ արտարգանդային հղիության հայտնաբերումից հետո:
Հիվանդության հաճախ հանդիպող ախտանիշներից են՝ ցավը փոքր կոնքի հատվածում, անկանոն դաշտանը, միզարձակման հետ կապված խնդիրները, թուլությունը, անսովոր արտադրությունը, գրիպպին նմանվող ախտանիշների առկայությունը:
Արգանդի և արգանդափողերի բորբոքումը (և դրանից ելնող անպտղությունը) կանխելու համար անհրաժեշտ է՝
• զերծ մնալ սեռական զուգընկէրոջը հաճախակի փոխելուց,
• հաճախակիորեն հետազոտվել՝ սեռավարակների առկայությունը ժամանակին բացահայտելու համար,
• վերջիններիս առկայության դեպքում համապատասխան բուժում ստանալ, և հետագայում խուսափել վերավարակումից:
Բուժում
Հիվանդության բուժումը իրականացվում է հակաբիոտիկների միջոցով: Երբեմն հիվանդության համար պատասխանատու են լինում մի քանի տարբեր հարուցիչներ: Այս դեպքում բժիշկը կարող է միաժամանակ նշանակել երկու կամ ավելի հակաբիոտիկ դեղամիջոցներ:
Սովորաբար ինքնազգացողությունը սկսում է բարելավվել հակաբիոտիկներով բուժումը սկսելուց արդեն մի քանի օր հետո: Չնայած այսպիսի արդյունքների, բուժման կուրսը չի կարելի վաղաժամ ընդհատել: Պատճառն այն է, որ օրգանիզմում մնացած հարուցիչները կարող են ընդունած դեղամիջոցների նկատմամբ դիմադրողականություն ձեռք բերել՝ էլ ավելի բարդացնելով հետագա բուժումը:
Եթե զուգընկերոջ մոտ նույնպես հայտնաբերվել են տվյալ սեռավարակ(ներ)ը, նա ևս պետք է բուժում ստանա, նույնիսկ եթե իր մոտ բացակայում են ախտանիշները: Հակառակ դեպքում բուժումը բարեհաջող ավարտելուց հետո կինը կարող է վերավարակվել:
Որոշ դեպքերում վիրահատական միջամտության կարիք է լինում՝ վերարտադրողական օրգանների բնականոն ֆունկցիոնալությունը վերականգնելու համար։
ℹ️ Տվյալ գրառումն արված է տեղեկատվական նպատակով և չպետք է օգտագործվի ինքնախտորոշման կամ ինքնաբուժման համար։ Այս նպատակներով պետք է դիմել համապատասխան մասնագետի, ով Ձեզ կցուցաբերի անհատական մոտեցում։