27/02/2021
Ապահովության և պաշտպանվածության 5 տեսակ, որոնք տղամարդը պետք է տա կնոջը։
Հնդկական հնագույն տրակտատներում նշվում է, որ հասարակության մեջ կան էակներ, որոնք մշտական պաշտպանության կարիք ունեն։ Դրանք են՝ երեխաները , կանայք, ծերերը, բրահմանները և կովերը։ Առանց պաշտպանության այս արարածները դժբախտ են և չեն կարող երջանիկ ապրել։ Մի կողմ թողնենք մնացածին և կենտրոնանանք կանաց վրա։ Կին արարածը, ըստ այդ գիտելիքի, միշտ պետք է պաշտպանված լինի։ Հասարակության զարգացածության մակարդակը, որոշվում է կանանց պաշտպանվածության աստիճանով։ Բավական է միայն հիշել մեր ժամանակների ամենաառաջադեմ երկրներում կանանց պաշտպանվածության մակարդակը և կհամոզվենք այս հիմնադրույթի ճշտությանը։
Երբ կինը պաշտպանված չէ, նա սթրեսի մեջ է։ Երբ կինը սթրեսի մեջ է նա սկսում է քայքայվել ինքը և քանդել իր շրջապատը։ Տղամարդկանց, բանական հասարակության և պատասխանատու անձանց պարտականությունը կանանց սթրեսից պաշտպանելն ու նրանց անվտանգությունը ապահովելն է։ Կինը ստեղծված չէ սթրեսի համար։ Դա չի նշանակում, որ կանայք չեն կարող գոյություն պաշտպանել սթրեսների ժամանակ։ Հասարակական ճգնաժամերի ընթացքում, երբ տառապանքի ու դժբախտությունների ամբողջ բեռն ընկնում է կանանց ուսերին, կանայք արդեն ապացուցել են, որ կարողանում են գոյատևել։ Սակայն դա իր հերթին չի նշանակում, որ կանայք ծաղկում են և երջանիկ լինում այդ պայմաններում։
Այստեղ է, որ կանայք կարիք ունեն տղամարդկանց։ Գոյություն ունի 5 տեսակի պաշտպանություն, որոնք պետք է տղամարդիկ ապահովեն կանանց համար նրանց և ընդհանրապես հասարակության առողջ կենսակերպի համար։
Դրանք են՝ ֆիզիկական, ֆինանսական, զգացական, ինֆորմացիոն և սեռական պաշտպանվածությունները։ Բացահայտենք թե ի՞նչ են դրանք ենթադրում։
Ֆիզիկական։
• Սա համեմատաբար հասկանալի է բոլորի համար։ Կնոջը պետք է պաշտպանել ծանր ֆիզիկական աշխատանքներից, տարատեսակ վտանգներից և դժվարություններից։ Վտանգները լինում են՝
Իրական և մտացածին։
• Իրական վտանգներն են՝ պատերազմ, բռնություն, մանյակներ, դժվար անանցանելի վայրեր, օձեր․․․
• Մտացածին՝ մկներ, սարդեր, տարօրինակ ձայներ, մեռելներ և այլն․․․
• Կարևոր չէ մտացածին են վտանգները թե ոչ, տղամարդու պարտականությունն է պաշտպանել կնոջը դրանից եթե կինը վախենում է, հանգստացնել նրան։
Ծանր աշխատանքներ՝
• Ցանկացած աշխատանք, որը գերազանցում է կնոջ կարողությունները։ Ընդ որում կարևոր չէ դրանք ֆիզիկական են, զգացական թե մտային։ Այսպիսի աշխատանքը միշտ վնասակար է կնոջ համար։ Այն զրկում է կնոջը հանգստությունից, մեղմությունից, կանացիությունից և քայքայում է նրան։
Ֆինանսական։
Տղամարդը պետք է արտաքին աշխարհում ապրելու միջոցներ հայթհայթի ընտանիքը ապահովելու համար, զբաղվի բոլոր ֆինանսական միջոցառումներով ընդհուպ մինչև խնայողություններ ունենալը։ Կանանց մեծամասնությունը սթրես է ապրում ֆինանսների հետ կապված ցանկացած գործառույթներից։ Կինը սթրես չի ապրում միայն երբ իրեն հատկացվում է գումար իր ուզած բաների վրա առանց հաշվետվության ծախսելու համար։ Այս դեպքում կինը հաճույք է ստանում դրամական տրանզակցիաներից։ Կինը կարող է մասնակցել դրամ վաստակելուն, սակայն պետք է խուսփի առաջնորդը լինելուց։ Քանի որ եթե կինը հաջողակ է այս ասպարեզում տղամարդը հիմնականում պասիվանում է կամ կարող է փնտրել ուրիշ կին, ում առջև ինքը հերոս կամ լիդեր կլինի։ Հասկանալի է, որ կանայք մեր օրերում իրենք էլ են կարողանում թե՛ դրամ հայթհայթել, թե՛ կուտակել թե՛ տնօրինել շատ տղամարկանցից էլ ավելի հաջող։ Այս ամենը կինը ստիպված է անել քանի որ ցավոք ժամանակակից աշխարհը այնպես է կառուցված, որ կինը պաշտպանության տակ չէ։ Տղամարդկանց վրա հույս դնել չի լինում, որովհետև տղամարդկանց մեծ մասը դարեր շարունակ չարաշահել է իր իշխանությունը կամ վստահությունը։ Եվ կինը սկսում է պատրաստվել տարբեր տեսակի սարսափելի ապագա իրադարձությունների ինչպիսիք են՝ տղամարդու մահը, դավաճանությունը, հիվանդությունը և այլն, սակայն այս բոլոր միջոցառումները կնոջ հոգեկանի համար սթրեսային են և անհանգստություն պատճառող քանի որ աշխատանքների մեծամասնությունը կազմակերպված էն տղամարդկային հոգեկերտվածքի առանձնահատկություններով պայմանավորված, ուր գնահատվում է մրցակցությունը, սթրեսային պայմաններին, ճնշմանը դիմակայելը, ավելի ռացիոնալ քան զգացական պահվածքային մոդելները, կոշտ գործելաոճը, հիերարխիան և այլն․․․ այլ ոչ կոոպերացիան, համընդհանուր շահի համար ջանքեր գործադրելը, զգացական ու էթիկական մշակույթը և այլն, որոնք ավելի կանացի կեցութաձև են․․․Ցավոք, մարդկությունը դեռ ճանապարհ ունի անցնելու, որպեսզի աշխատանքային միջավայրերը համապատասխանեն նաև կանանց արժեհամակարգերով առաջնորդվելուն։ Մեծ հույս եմ տածում, որ կտեսնեմ այն ժամանակները երբ կանայք հոգեկերտվածքի առանձնահատկությունները հաշվի առնող միջավայրերում։
Զգացական։
Կինը պետք է հանգիստ զգա իր սիրած տղամարդու առջև իր բոլոր տեսակի զգացումները արտահայտելուց։ Դա վերաբերվում է թե՛ դրական թե՝ բացասական զգացողություններին և հատկապես դրանց։ Ըստ նույն հնագույն տրակտատների կանայք տղամարդկանցից ութ անգամ ավելի զգացմունքային են։ Այդ է պատճառը, որ կինը զգացումները, վախերը, մտահոգությունները, անհանգստությունները և տագնապները պետք է արտահայտի իր տղամարդուն, ով միջինում իրենից ութ անգամ պակաս զգացմունքային է։ Արտահայտվելիս կինը հանգստանում է, թոթափում է լարվածությունը և լիցքաթափվում։ Իհարկե այստեղ մի հնարք կա, որի մասին պետք է առանձնահատուկ նշեմ։ Տղամարդը բացի պակաս զգացմունքային լինելուց նաև միտված է կոնկրետ խնդիրներ լուծելու, դժվարություններ հաղթահարելու և երբ դա նրան հաջողվում է արտադրվում է թեսթեստերոն, ինչը փարատում է տղամարդու սթրեսը և նրան գոհունակության, ինքնավստահության զգացողություն է տալիս։ Երբ կինը արտահայտում է իր բացասական զգացումները տղամարդու համար դա ահազանգ է, որ ինքը պետք է խնդիրը հասկանա և լուծի։ Իսկ կնոջը դեպքերի 90 % ում պարզապես պետք է , որ իրեն լսեն, ապրումակցեն, այլ ոչ անմիջապես խնդիր լուծեն։ Սակայն երբ տղամարդը սա չի գիտակցում, նրան թվում է, որ իրեն մեղադրում են ու սկսում է նյարդայնանալ։ Ընդհանրապես, սիրելի կանայք, մեր խնդիրների 90 % ում տղամարդիկ չեն մեղավոր, այլ հորմոնները, դաշտանի ցիկլերը, լուսնի ֆազաները և այլն․․․Նման դեպքերում ձեր տղամարդուն զգացումներ արտահայտելուց առաջ անհրաժեշտ է զգուշացնել․«Սիրելիս դու մեղավոր չես և պետք չէ ինչ-որ բան անել այս կապակցությամբ։ Ինձ պարզապես անհրաժեշտ է խոսել։ Նաև վերջում պետք է շնորհակալություն հայտնել լսելու համար»։ Այսպիսով տղամարդը չի լարվի, իսկ կինն էլ կկարողանա իր զգացմունքների առջև պատնեշ չդնել ու հանգիստ արտահայտվել։ Այդ պատճառով է, որ տղամարդու ամենից կարևոր ամուսնական պատասխանատվությունը հենց իր կնոջը ամեն օր առնվազն կես ժամ լսելն է, այլ ոչ սիրով զբաղվելը։ Գիտնականները հաշվարկել են, որ միջին վիճակագրական կինը առողջ լինելու համար պետք է օրական 21 000 բառ արտաբերի, իսկ տղամարդը՝ 3000․ Եթե տղամարդը ի վիճակի չէ տանել իր սիրելիի զգացումների հոսքը նա իր կնոջը ենթարկում է էլ ավելի մեծ սթրեսի, ինչն էլ ի վերջո կարող է հանգեցնել նրա հոգեկան ապակայունացմանը և հիվանդություններին։ Իհարկե կնոջը խիստ անհրաժեշտ է այդ նպատակով ունենալ նաև ընկերուհիների, հարազատների և բարեկամների մի մեծ բանակ, որոնց հետ կկարողանա խոսելով թոթափել այդ բեռը։ Այդ պատճառով այն տղամարդիկ, ովքեր հեռացնում կամ զրկում են կանանց մտերիմների այս ցանցից ոչ միայն վնասում են իրենց կնոջը այլ նաև իրենք իրենց։
Ինֆորմացիոն։
Նկատի ունենալով վերոհիշյալ տեղեկատվությունը այն մասին, որ կանայք խիստ հակված են տագնապների և անհանգստությունների ամեն ինչի հետ կապված, տղամարդիկ պետք է առավելագույնս պաշտպանեն իրենց կանանց արտաքին աշխարհում իրենց պատահող ամեն սթրեսային իրադարձությունների մասին ինֆորմացիայից։ Կինը, երեխաները և ծերացող ծնողները, որոնք անխուսափելիորեն կախված են տղամարդուց պետք է չենթարկվեն տագնապների, քանզի դա կարող է ընտանիքի հավասարակշռությունը և անդորրը խախտել։ Կնոջ համար ցանկացած դժվարություն տագնապի առիթ է, քանի որ նա դա ընկալում է նաև որպես իր երեխաների համար վտանգ, ինչը կրկնապատկում է մտահոգությունը։ Հասկանալի է, որ տղամարդը չի կարող միշտ լինել ինքնավստահ, բայց նա պետք է գոնե երևա այդպիսին իր կնոջ համար, այդ դեպքում կինը հանգիստ է լինում։ Իսկ հանգիստ կինը իր հերթին առաջացնում է տղամարդու ինքնավստահությունը։ Այս է պատճառը, որ հնում Անդրկովկասի ժողովուրդների շրջանում մի շատ առողջ սովորույթ կար։ Յուրաքանչյուր տղամարդ ունենում էր իրենից տարիքով մեծ և իմաստուն տղամարդ բարեկամ, ում մոտ նա կարող էր գնալ իր անհանգստությունների մասին խոսելու և խորհուրդ հարցնելու։ Նույնիսկ եթե ինչ- որ լուրջ իրավիճակ կա տղամարդու կյանքում և նա չի կարող թաքցնել իր հուզմունքը, կնոջը պետք է ընդհանուր առմամբ ներկայացնել այն հավելելով․ «ես մտածում եմ խնդրի լուծման ուղղությամբ և անպայման կգտնեմ կերպը»։ Կանայք էլ տեսնելով տղամարդու վատ տրամադրությունը մեծամասամբ պետք է պարզապես նրանց հանգիստ թողնեն որոշ ժամանակ, քանի որ տղամարդիկ խնդիրների լուծումները գտնում են մենակության մեջ տրամաբանելով և վերլուծելով։ Եթե ցանկանում եք օգնել տղամարդուն դա նրա բեռը ձեզ վրա վերցնելը չէ և խորհուրդներ տալը չէ, այլ պարզապես հարցեր ուղղելն է այն կապակցությամբ թե ի՞նչ է նա մտածում լուծման եղանակների վերաբերյալ և վստահություն ու հավատ հայտնելը, որ տղամարդը անպայման կգտնի ելքը։
Սեռական։
Սեռական կյանքում էլ կինը պետք է հանգիստ զգա և ազատ լինի սիրով զբաղվելու իր ամուսնու հետ այնպես ինչպես ուզում է և երբ ուզում է։ Նաև պետք է կարողանա չզբաղվել դրանով երբ չի ուզում և ինչպես չի ուզում։ Սակայն տղամարդուն հաճախ մերժելով կինը նրան կարող է բարդութավորել և ներշնչել զգացողություն, որ ինքը ցանկալի չէ կնոջ համար։ Սեռականությունը տղամարդկանց համար շատ հզոր պահանջմունք է։ Սա պետք է հասկանալ և մշտապես հիշել։ Եվ որպեսզի կինը սիրելի տղամարդուն չվանի ու այլ ելք փնտրելու չմղի անհրաժեշտ է նրան մերժելիս բացատրել թե ի՞նչ անի տղամարդը, որպեսզի կինը ցանկանա սեռական մերձեցում։ Կինը պետք է ուղղորդի և առաջնորդի տղամարդուն իրեն հաճույք պատճառելու գործում։ Նաև պետք է հասկանա, որ տղամարդու սեռական հաճույքի և հաջողության գրավականը իր գոհանալն ու բավարարվելն է։ Տղամարդու երջանկության զգալի տոկոսը իր կնոջը հաճույք պատճառելու մեջ է։ Սա նշում եմ այն պատճառով, որ շատ հաճախ եմ լսում կանանցից, որ իրենք սեռականությունից հաճույք չեն զգում, դրանով զբաղվել չեն սիրում և պարզապես գոհացնում են իրենց ամուսիններին վախից, քանի որ տղամարդը այլ կերպ կդավաճանի։ Սիրով զբաղվելու մեջ կնոջ նպատակը իր իսկ բավարարումն ու հաճույքն է առաջին հերթին, իսկ կնոջ հաճույքը տղամարդու հաղթանակն է։ Ի միջի այլոց գիտնականները պնդում են, որ սթրեսը մեծապես նվազեցնում է կնոջ ցանկությունը սիրով զբաղվելու։ Այնպես որ, տղամարդիկ իրենց սիրելի կնոջ հետ հաճախ սիրով զբաղվելու համար էլ պետք է ամեն ջանք գործադրեն, որպեսզի զերծ պահեն նրան սթրեսից հենց այս հինգ ապահովությունները նրանց տալով։
Ահա այսքանը այն ապահովությունների մասին, որոնք կինը պետք է ակնկալի և ստանա իր սիրած տղամարդուց և եթե ձեր տղամարդը դրանք ձեզ չի տալիս, ապա պետք է լուրջ կասկածի տակ դնել նրա գոյությունը ձեր կյանքում։
Հաջորդ հրապարակումներում պատրաստվում եմ խոսել այն մասին թե ի՞նչ պետք է անի կինը, որպեսզի արտադրվեն երջանկության, բոլորիս համար ցանկալի, հորմոնները և դարձնեն նրա կյանքը երջանիկ 90% ով անկախ տղամարդու ներկայությունից իր կյանքում։