01/04/2025
Ենթամաշկային հակաբեղմնավորիչ իմպլանտի հազվադեպ հանդիպող բարդություն՝ միգրացիա դեպի թոքային զարկերակ
Ենթամաշկային հակաբեղմնավորիչ իմպլանտը փոքրիկ պլաստիկ ձող է՝ մոտավորապես 4 սմ երկարությամբ, որը ազատում է պրոգեստին և տեղադրվում է բազկի վերին 1/3-ի միջային կողմում՝ մոտ 7 սմ հեռավորության վրա արմունկից։
Nexplanon-ը ռադիո-թափանցիկ, չկենսաքայքայվող, միայն պրոգեստոգեն պարունակող իմպլանտ է, որը պարունակում է 68 մգ էտոնոգեստրել և 15 մգ բարիումի սուլֆատ, վերջինս ապահովում է իմպլանտի ռադիոտեսանելիությունը։ Այն համարվում է արդյունավետ հակաբեղմնավորիչ միջոց 3 տարի ժամկետով։
Հազվադեպ բարդություններից է իմպլանտի միգրացիան, որը սահմանվում է որպես տեղաշարժ՝ ավելի քան 2 սմ, հիմնականում իջնելով տեղադրման կետից։ Բացառիկ դեպքերում այն կարող է ներթափանցել երակային համակարգ և տեղափոխվել թոքեր՝ առաջացնելով էմբոլիզացիա։
Վերջինիս ախտանիշներն են հազը, շնչահեղձություն, կրծքավանդակի ցավ և արյունախխում։ Այլ բարդություններ կարող են լինել տեղադրման վայրում վարակ, սպիի առաջացում, հեմատոմա, արյունատար անոթների և նյարդերի վնասում։
Դեպքի ներկայացում
30-անց կինը դիմել էր բժշկի՝ նշելով, որ չի շոշափում իր ձախ բազկի ենթամաշկային հակաբեղմնավորիչ իմպլանտը, որը տեղադրվել էր 6 տարի առաջ։ Իմպլանտը տեղադրվել էր ձախ բազկի շրջանում, սակայն 1 շաբաթ անց արդեն շոշափելի չէր։ Այն ժամանակ նա դա չէր հայտնել, և լրացուցիչ հետազոտություններ չէին իրականացվել։
Որևէ այլ գանգատ չի ներկայացրել։ Տեղադրումից հետո մի քանի ամիս անկանոն արյունահոսություն է ունեցել ցիկլի ժամանակ, ինչը համարվում է նորմալ պատասխան։ Հետագայում ցիկլը դարձել էին թեթև, ինչը նույնպես սպասվող արձագանք է։ Վերջին 3 տարիների ընթացքում նրա դաշտանային ցիկլը դարձել է կանոնավոր, ինչը ցույց է տալիս, որ իմպլանտն այժմ հորմոնալ առումով ակտիվ չէ։
Հետազոտություններ
Ձախ բազկի ռետգեն հետազոտությամբ ենթամաշկային իմպլանտը չի հայտնաբերվել։ Կրծքավանդակի ռենտգեն հետազոտությամբ վիզուալիզացվել է իմպլանտը ձախ ստորին թոքադաշտում։
Կատարվել է կրծքավանդակի ՀՇ ներերակային կոնտրաստավորմամբ, վիզուալիզացվել է հակաբեղմնավորիչ իմպլանտը ձախ թոքի ստորին բլթի սուբսեգմենտար զարկերակներից մեկում։
Հաշվի առնելով որ տեղադրումից մեկ շաբաթ անց այն արդեն ենթարկվել էր միգրացիայի, և քանի որ պացիենտը չուներ գանգատներ որոշվեց ընտրել սպասողական տակտիկա, հսկելով ՀՇ հետազոտությամբ հնարավոր բարդությունների առաջացումը։
Դեպքը՝
https://doi.org/10.1136/bcr-2024-262771