24/02/2021
Դեմքի մաշկին պետք է խնամքով վերաբերվել: Շատերը նորմալ են համարում ձեռքի օճառով դեմքը լվանալը, ինչը անթույլատրելի է:
Դեմքի մաշկի խնամքը իր մեջ ներառում է՝ մաքրումը, շերտազատումը, խոնավացումը և պաշտպանությունը:
✅Մաքրում
Օճառների մեջ փրփրագոյացման համար ավելացնում են նատրիումի լաուրիլսուլֆատ, որը գրգռում և չորացնում է մաշկը, որի հետևանքով մաշկը սկսում է ավելի շատ ճարպ արտադրել որպես կոմպենսացիա:
Պետք է ընտրել ավելի նուրբ մաքրող միջոցներ, որոնք չեն փրփրում, կամ փրփուրի ձևավորումը ապահովում են այնպիսի միջոցներ, որոնք չեն գրգռում մաշկը:
✅Շերտազատում
Լայնորեն կիրառում ունեցող սկրաբերը ոչնչով չեն օգնում մաշկին: Ագրեսիվ ֆիզիկական շերտազատումը իրականում վնասում է մաշկը և ստիպում կոպտանալ: Ավելի լավ է սկրաբը փոխարինել թթուներով, որոնք վերնամաշկի մահացած բջիջների նուրբ քիմիական քայքայում են առաջացնում: Թթուները ոչ միայն թարմացնում են մաշկը, այլև հարթեցնում են մանր կնճիռները: Կոսմետիկ միջոցներում կիրառվող թթուներից են գլիկոլաթթուն, կաթնաթթուն և սալիցիլաթթուն: Թթուների կիրառման ամենահասարակ ձևը տոնիկներն են:
✅Խոնավացում
Խոնավացում անհրաժեշտ է ցանկացած տիպի մաշկին, սկսած շատ յուղոտ մաշկից մինչև շատ չոր մաշկ: Խոնավացնող միջոցները պարունակում են գլիցերին, հիալուրոնաթթու, յուղեր: Որքան չոր է մաշկը, այնքան խիտ պետք է լինի քսուքը:
✅Պաշտպանում
Մաշկը պետք է պաշտպանել արևից, որը մաշկի ծերացման գործոններից է: Արևի պատճառով են առաջանում պիգմենտացիաներ, կնճիռներ, կորում է էլաստիկությունը: Այդ պատճառով կարևոր է արևապաշտպան քսուքների օգտագործումը: Ընդ որում, եթե ամբողջ օրն անցկացնում եք արևի տակ, անհրաժեշտ է 2-3 ժամը մեկ անգամ թարմացնել այն:
Շուկայում առկա է մաշկի խնամքի միջոցների բազմազան տեսականի, որոնց ճիշտ ընտրության հարցում ձեզ կօգնի մաշկաբանը: