14/05/2026
«Մի օր ֆուտբոլի մարզակոշիկներս նկուղի պատից կախած գտա, մայրս էր կախել, երբ վիրավորվել էի». Արամայիս Սարգսյան
Պատմվածքի հեղինակ՝ 44-օրյա պատերազմի մասնակից Նարեկ Վարդանյան
Թալինի Ներքին Բազմաբերդ գյուղում բարի օր է բացվում։ Արամայիսը նստում է դաշնամուրի առաջ և նվագում` միաժամանակ և տխուր և ուրախ նվագները։ Եվ այսպես անընդհատ, երաժշտությունը և նրա հոգին է բուժում, և միտքը, և թույլ ձեռքն է մարզում։
«Երբ զգում ես դաշնամուրը, երաժշտությունը, ռիթմը իսկական երանություն ա։ Կարծես կտրվում ես իրականությունից, գնում մի ուրիշ աշխարհ։ Երբ տխուր եմ նվագում ուրախանում եմ, բացվում ա տրամադրությունս, երբ ուրախ եմ, նվագում տխրում եմ»,- ասում է Արամայիսը։
Օրվա տարբեր ժամերի Զինվորի տան հանգստի սենյակում Արամայիսը դաշնամուր է նվագում իր շուրջ խմբելով տղերքին ու բարձրացնելով նրանց տրամադրությունը։
«Թալինի Ներքին Բազմաբերդ գյուղում եմ ծնվել, հայրս հաշվապահ է և երաժշտության սիրահար։ Ես ֆուտբոլիստ էի, ասում են մինչև վիրավորվելը առավոտից երեկո խաղում էի ու վատ չէր ստացվում։ Հիմա երբ մտածում եմ էլ չեմ կարում ֆուտբոլ խաղալ, աչքերս լցվում են, էնքան շատ էի սիրում ֆուտբոլ»: «Մի օր ֆուտբոլի մարզակոշիկներս նկուղի պատից կախած գտա, մայրս էր կախել, երբ վիրավորվել էի։ Ֆուտբոլում ասում են ֆուտբոլիստը կախեց մարզակոշիկները, այսինքն՝ ավարտեց կարիերան։ Երբ դա մտածեցի շատ տխրեցի, աչքերս լցվեց։
Հավատարիմ սասունցիների ուխտին, Արամայիսը Ագրարային համալսարան ընդունվելուց հետո ժամկետային ծառայության մեկնեց։ Կապանում էր ծառայում՝ որպես նռնականետի հաշվարկի հրամանատար, կրտսեր սերժանտ կոչումով։ «Կեսգիշեր էր երբ կռիվը սկսվեց, ես նռնականետի մոտ հերթապահում էի, երբ առաջին արկերը մեր դիրքերին հարվածեցին, տագնապով հանեցի մարտընկերներիս ու սկսեցինք կռվել։ Ամբողջ գիշեր կռվում էինք։ Չնայած վախին ու տագնապին հիշում էի սասունցի տատիս խրատները, սասունի քաջերի մասին պատմությունները ու շարունակում կռվել։ Բարձր Անդրանիկ զորավարի մասին երգն էի երգում ու ինձ Անդրանիկ զորավարը զգում Խոյի կամուրջի վրա կռվելիս»,- պատմում է Արամայիսը։ Հակառակորդը գործի դրեց իր զինանոցի լավագույն զենքերը, դիրքի վրա անօդաչուների տարափ տեղաց, որոնցից մեկը Արամայիսի ու մարտընկերների վրա ընկավ։ Հաշվարկի չորս անդամներից երկուսը զոհվեցին, երկուսը ծանր վիրավորվեցին։
«Գանգուղեղային բազմաբեկորային վիրավորում եմ ստացել, ընկել կոմայի մեջ, թուլացել էր ձախ կողմս, իսկ աջ ոտքս ու ձեռքս ջարդվել էր։ Ուղղաթիռով Կապանից բազմաթիվ կոտրվածքներով ու բեկորներով Էրեբունի են տեղափոխել, հետո Զինվորի տուն։ Զինվորի տան մասնագետները մարզեցին, պարապեցին, ոտքի կանգնեցի ու քայլելով տուն գնացի։ Քանի որ գյուղում դաշնամուր չկար, բուժումներից ազատ ժամերին դաշնամուր նվագել սովորեցի՝ Զինվորի տուն հրավիրված մասնագետի օգնությամբ։ Դաշնամուրի ուսուցիչը երաժշտաթերապիայի ժամեր ուներ, որի ժամանակ և ձեռքս էր ակտիվանում և հոգեկան վիճակս էր կայունանում»,- պատմում է Արամայիսը։
«Զինվորի տան հետևողական բուժումների արդյունքում էնքան էի լավացել, որ համալսարանում կիսատ ուսումս շարունակեցի, ընտանիքիս էի օգնում՝ անգամ խանութ առևտրի ես էի գնում»:
Հետո Արամայիսը դաշնամուր ձեռք բերեց։
Այժմ Արամայիսը հիանալի տիրապետում է դաշնամուրին, Ագրարային համալսարանի երրորդ կուրսում սովորում և աշխատանք գտնելու ու պսակվելու մասին է մտածում։ Իսկ իր ամենամեծ երազանքը նորից ֆուտբոլ խաղալն է մնում։