16/10/2025
🔊Հոկտեմբերի 11-ը՝ ընդդեմ ցավի համաշխարհային օր
📖2004թ.-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկեց հոկտեմբերի 11-ը սահմանել ընդդեմ ցավի համաշխարհային օր: Այս նախաձեռնության խորհուրդն է՝ հասարակության, մասնագետների ուշադրությունը կենտրոնացնել ցավի հիմնահարցերի իրազեկման, լուսաբանման, հաղթահարման ուղիների վրա:
🔸Ցավի հիմնախնդիրը մշտապես արդիական է, ինչը հիմնավորվում է նախևառաջ ցավի տարածվածությամբ, ախտորոշման դժվարություններով, նաև հաշմանդամության բարձր ցուցանիշով։
👩⚕️Բժշկական հոգեբանության ամբիոնի (կուրսի) ավագ դասախոս, հ․գ․թ․, դոցենտ, «Ցավի հոգեբանություն» ուսումնական ձեռնարկի հեղինակ Սոնա Հարությունյանի խոսքով՝ ըստ ցավի ուսումնասիրման միջազգային ասոցիացիայի, ցավը սահմանվում է որպես «զգայական և հուզական տհաճ ապրում, որը պայմանավորված է հյուսվածքի իրական կամ պոտենցիալ վնասվածքով»:
✍Այդուհանդերձ ընդգծվում է, որ ցավը միշտ սուբյեկտիվ է, պայմանավորված է կյանքի փորձով և բազմաթիվ անհատական առանձնահատկություններով։ Եվ հատկապես վերջին տարիներին ցավը սկսվեց դիտարկվել ոչ միայն որպես մարմնական, այլ նաև հոգեբանական դրսևորում: Ներկայումս ընդունված է ձևակերպել, որ ցավի զգացողության մեջ միահյուսված են սուբյեկտիվն ու օբյեկտիվը, հոգեբանականն ու ֆիզիոլոգիականը: Իհարկե, հետաքրքրության կիզակետում ցավի զգացողության սուբյեկտիվ գործոնն է:
📎Պարզվում է` ցավի ընկալման և տանելիության վրա մեծապես ազդում են հոգեկան վիճակը, ցավի մասին պատկերացումները, հիշողությունները, նախկինում ունեցած հոգետրավմատիկ դեպքերը։ Դեռևս ֆրանսիացի հայտնի վիրաբույժ Ռ. Լերիշը նշել է. «Մենք հավասար չենք ցավի առջև»՝ նկատի ունենալով, որ տարբեր մարդիկ տարբեր են ընկալում և հակազդում միևնույն ցավային գրգռիչին: Այս և շատ այլ օրինակներով ակնհայտ է դառնում ցավի և հոգեբանական գործոնների անժխտելի կապը: Հետաքրքրական են նաև ցավի և հուզական ոլորտի պատճառ-հետևանքային կապերը։ Մասնագիտական գրականության մեջ հաճախ քննարկվում և մեծ նշանակություն է տրվում հուզական ոլորտից մասնավորապես տագնապի, դեպրեսիայի, վախի, ալեքսիթիմիայի, սթրեսի և ցավի փոխկապվածությանը։
Առավել մանրամասն՝ https://t.ly/RoSu6